YCLLR-logo
Վերջույթների վերակառուցման
և երկարացման կենտրոն
(Էսթետիկ վիրաբուժություն)
(+374 10) 53 77 83

Լրահոս

21Դկտ

ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍ-ՔՆՆԱՐԿՈՒՄ

Դեկտեմբերի 21-ին Երևանի Վերջույթների Վերակառուցման և Երկարացման Կենտրոնը (Ե.Վ.Վ.Ե.Կ.) կազմակերպեց մամլո ասուլիս-քննարկում:Ասուլիսը տեղի ունեցավ Նաիրի Բժշկական Կենտրոնի (ԲԿ) 5-րդ հարկում՝ նիստերի դահլիճում, Պարոնյան 21 հասցեով: Լրագրողներին ներկայացվեցին՝

  • Հայաստանում էսթետիկ վիրաբուժության հիմնահարցերը,
  • Օտարերկրյա քաղաքացիների բուժումը Հայաստանում, մասնավորապես բժշկական տուրիզմի զարգացման նախադրյալներն ու խոչընդոտները,
  • Իլիզարովի մեթոդի կիրառման հնարավորությունները ստորին վերջույթների էսթետիկ վիրաբուժության մեջ:

Ասուլիսի ընթացքում Ե.Վ.Վ.Ե.Կ-ի հիմնադիր, բ.գ.դ, պրոֆեսոր Արշակ Միրզոյանը հանդես եկավ բացման խոսքով և ներկայացրեց կենտրոնի նոր կայքը: Քննարկմանը մասնակցեցին Նաիրի ԲԿ-ի տնօրեն Նարինե Մամիկոնյանը, Նատալի Ֆարմ — Մալաթիա ԲԿ-ի տնօրեն Աշոտ Թորոսյանը, N3 Կլինիկական Հիվանդանոցի Դիմածնոտային և Պլաստիկ Վիրաբուժության կլինիկայի ղեկավար բ.գ.թ., դոցենտ Գրիգորի Խաչատրյանը, կլինիկական հոգեբան Միքայել Մադաթյանը: Քննարկմանը մասնակցեցին Առողջապահության, Էկոնոմիկայի, և Սփյուռքի նախարարությունների ներկայացուցիչներ:

Այսօր Ե.Վ.Վ.Ե.Կ.-ում ստորին վերջույթների էսթետիկ բուժում անցած անձանց 68 տոկոսը oտարերկրացիներ են, իսկ 32 տոկոսը՝ ՀՀ քաղաքացիներ: ՀՀ քաղաքացիների ցածր տեղեկացվածությունը, սակավ ուշադրությունը ոտքերի էսթետիկ խնդիրներին, ինչպես նաև սոցիալ-տնտեսական և հոգեբանական մի շարք գործոնները մասամբ բացատրում են Հայաստանում ոտքերը երկարացնել կամ վերակառուցել ցանկացողների ցածր տոկոսը:

Այսօր Ե.Վ.Վ.Ե.Կ.-ը զբաղվում է արտասահմանից այցելած բազմաթիվ հիվանդների ամբողջական բժշկական, ինչպես նաև կենցաղային և այլ արտաբժշկական ծառայությունների մատուցմամբ: Ե.Վ.Վ.Ե.Կ.-ում վիրահատված անձանց աշխարհագրությունը ներառում է Հարավ Կովկասյան տարածաշրջան, Եվրոպա, Ավստրալիա, ԱՄՆ, Կանադա և այլ երկրներ:

Օտարերկրյա քաղաքացիների աճող հետաքրքրությունն ու վստահությունը հայաստանյան էսթետիկ վիրաբուժության նկատմամբ արդեն իսկ թույլ են տալիս խոսել Հայաստանում բժշկական տուրիզմի զարգացման նախադրյալների և վերջինիս խթանումը խոչընդոտող առկա խնդիրների մասին:

Երևանի Վերջույթների Վերակառուցման և Երկարացման Կենտրոնը գործում է 1989թ.-ից և ճանաչված է այդ ոլորտի առաջատարը տարածաշրջանում: Կենտրոնը իրականացնում է ընդգրկուն և տեխնոլոգիապես զարգացած բուժում բնածին և ձեռքբերովի օրթոպեդիկ հիվանդություններ, ինչպես նաև ստորին վերջույթների էսթետիկ խնդիրներ ունեցող անձանց համար: Կենտրոնի գործունեության հիմքը հանրահայտ ոսկրաբան Իլիզարովի մեթոդն է: